Հուլիսի 10-ին` Համազգային Հայ Եկեղեցասեր Երիտասարդաց կազմակերպության անդրանիկ պատգամավորական ժողով Մայր Աթոռում
Հուլիսի 10-11-ը, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք եւ Ամենայն Հայոց Կաթողիկոսի օրհնությամբ եւ բարձր նախագահությամբ տեղի կունենա նորաստեղծ Համազգային Հայ Եկեղեցասեր Երիտասարդաց կազմակերպության (ՀՀԵԵԿ) անդրանիկ պատգամավորական ժողովը: ՀՀԵԵԿ-ը Հայ Եկեղեցու շուրջ համախմբելու է աշխարհասփյուռ հայ երիտասարդներին` նրանց հնարավորություն ընձեռելով ճանաչելու Հայրենիքը եւ Մայր Եկեղեցին, գործելու ի շահ հայոց ազգի:
Ժողովին կմասնակցեն տարբեր աշխարհամասերից` Հայ Եկեղեցու աշխարհասփյուռ 34 թեմեր եւ հովվություններ ներկայացնող շուրջ 140 երիտասարդներ: Ժողովի աշխատանքներին կհետեւեն նաեւ քսան երիտասարդական կազմակերպությունների ներկայացուցիչներ եւ շուրջ հարյուր ուխտավոր երիտասարդներ:
Հուլիս 10-ին ժողովը կբացվի Վեհափառ Հայրապետի օրհնության խոսքով, ապա ողջույնի խոսքով հանդես կգան ժողովի կազմակերպական աշխատանքները համակարգող եւ ղեկավարող ԱՄՆ Հայոց Արեւմտյան թեմի առաջնորդ Գերաշնորհ Տ. Հովնան արքեպիսկոպոս Տերտերյանը եւ կենտրոնական խորհրդի ատենապետ Կարեն Պետրոսյանը:
Երկօրյա ժողովի ընթացքին կքննարկվեն կազմակերպության կանոնադրությունը եւ առաքելության ծրագիրը, կկատարվի կենտրոնական խորհրդի ընտրություն, տեղի կունենան աշխատանքային խմբերի քննարկումներ եւ այլն:
Հուլիս 12-ին նախատեսվում է ժողովականների եւ ուխտավորների այց Մեծ Եղեռնի զոհերի հիշատակին նվիրված Ծիծեռնակաբերդի հուշահամալիր, ապա ուխտագնացություն Օշականի Սբ. Մեսրոպ Մաշտոց եկեղեցի:
Հուլիս 13-ը երիտասարդները կանցկացնեն Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում, ներկա կգտնվեն Պատարագի սրբազան արարողությանը` ստանալով սուրբ հաղորդություն: Սուրբ Պատարագը մատուցելու է Տ. Հովնան արքեպիսկոպոս Տերտերյանը: Նույն օրը ուխտավորները կծանոթանան Ամենայն հայոց հոգեւոր կենտրոնի կյանքին եւ հաղորդ կդառնան հայոց հոգեւոր ժառանգությանը:
Հաջորդ օրերին երիտասարդների համար կկազմակերպվեն ուխտագնացություններ Հայաստանի տարբեր սրբավայրեր: